ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում իր գործունեությունն է սկսում ուսանողական առաջին ինովացիոն առցանց հեռուստաալիքը՝ INNOMEDIA-ն՝ նպատակ ունենալով դառնալու հարթակ, որտեղ ուսանողները կստեղծեն մեդիաարտադրանք, կզարգացնեն գործնական հմտությունները, գիտելիքները և ստեղծարարությունը:
Նոր մեդիահարթակը լսարանին կներկայացնի լրատվական թողարկումներ՝ լուսաբանելով ուսանողական կյանքն ու ինովացիոն իրադարձությունները, ինչպես նաև ժամանցային, կրթական և ուսուցողական հաղորդումներ, հարցազրույցներ, ֆոկուսխմբային քննարկումներ, բանավիճային հաղորդաշարեր և այլն:
Ուսանողական հեռուստաընկերության ստեղծման օրը պատահական չէ. 67 տարի առաջ՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանում եթեր հեռարձակվեց առաջին հեռուստաեթերը, և արդեն 2-րդ տարին է՝ օրը նշվում է որպես հեռուստատեսության աշխատակցի օր:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհավորելով ուսանողական հեռուստաընկերության գործունեության մեկնարկի առթիվ, նշեց. «Ուսանողական հարցումներում կարմիր թելի նման անցնում է տեսական գիտելիքների գործնական կիրառությունը կատարելագործելու հարցը, ինչին Ժուռնալիստիկայի ֆակուլտետում կնպաստի INNOMEDIA-ն: Այս փորձարարական հեռուստաալիքի օգնությամբ ուսանողները հնարավորություն կունենան կյանքի կոչելու իրենց ինքնուրույն և խմբային աշխատանքները և նախագծերը»:
Հ. Հովհաննիսյանն ընդգծեց, որ սա կարևոր նախաձեռնություն է ոչ միայն Երևանի պետական համալսարանի, այլև հայկական լրատվադաշտի և հեռուստադիտողի համար:
«Հայկական մեդիադաշտի լավագույն մասնագետները հենց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտները և ուսանողներն են, որոնց մրցունակությունը բարձրացնելը և գիտելիքներով նրանց զինելը ուղղակիորեն օգտակար կլինեն մեր հեռուստադիտողի համար՝ օբյեկտիվ, ճշմարտացի, փաստերի վրա խարսխված տեղեկություններ ստանալու առումով, իսկ տեղեկատվական հոսքերի ճիշտ կարգավորման շնորհիվ հնարավոր է բարձրացնել նաև մեր երկրի իմիջը»,- ընդգծեց ԵՊՀ ռեկտորը:
Կարևորելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի զարգացման ընթացքն ու ուսանողներին ընձեռվող հնարավորությունների մեծացումը՝ ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ INNOMEDIA-ն դառնալու է նոր լուծումներով և ասելիքով յուրատեսակ հարթակ:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, հիշելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում իր ուսումնառության տարիները, նշեց, որ այն ժամանակ դեռ նոր էին խոսում կայքէջերի ու դրանց ազդեցության մասին, և չէին էլ պատկերացնում, որ մի օր հնարավոր կլինի հարազատ ֆակուլտետում կյանքի կոչել այսօրինակ հրաշալի նախաձեռնություն:
«Ուսանողները պետք է կարողանան ամբողջությամբ օգտագործել այս հնարավորությունը՝ աշխատաշուկային ցույց տալով ֆակուլտետում առկա ներուժը, քանի որ մեդիադաշտին շատ են անհրաժեշտ որակյալ և բանիմաց մասնագետներ: Շատ ուրախ կլինեմ, որ ապագայում ֆակուլտետի ուսանողները դառնան մեր գործընկերները»,- շեշտեց Հովհաննես Մովսիսյանը:
Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես եկան նաև ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, կինոռեժիսոր, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, հայկական առաջին յութուբյան հեռուստաալիքի` Webtv.am-ի հիմնադիր Արայիկ Մանուկյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, լրագրող, հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը:
Միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, լրատվադաշտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Միջոցառման ավարտին INNOMEDIA-ի յութուբյան ալիքով հեռարձակվեց ուսանողական ինովացիոն հեռուստատեսության առաջին թողարկումը: