Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդիպում են ունեցել ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալ Ժան Չենգֆուի հետ։
Հանդիպման ընթացքում դիտարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները, նախանշվել հետագա աշխատանքների իրականացման ուղղություններն ու ձևաչափերը։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել երկու երկրների տարեցների հիմնահարցերի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում մատուցվող ծառայությունների շրջանակին ու որակի բարելավմանն ուղղված աշխատանքներին։
Քննարկվել են նաև ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց տրամադրվող ծառայությունների առանձնահատկություններն ու ընթացակարգերը՝ հաշվի առնելով, որ օրերս Հայաստան կատարած այցի շրջանակում Ժան Չենգֆուն եղել էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատ» և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ներում։
ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալը խոսել է իր դրական տպավորությունների մասին և տվյալ ոլորտներում փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնել։
Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակում նախատեսվող աշխատանքներն իրապես կնպաստեն երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտների զարգացմանը։