Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները, որոնցում դատապարտվում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի վրա նախապես ծրագրված ռազմական հարձակումը։
Անվտանգության և պաշտպանության քաղաքականության զեկույցում նշված է, որ Ադրբեջանի հարձակումը չի կարող անհետևանք մնալ. փաստաթուղթը կոչ է անում ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանության դեմ, որը պատասխանատու է նաև հրադադարի բազմաթիվ խախտումների համար, վերանայել էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը և դադարեցնել գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Նշվում է, որ Եվրամիության հետ գործակցությունը զարգացնելու համար Ադրբեջանը պետք է առաջընթաց գրանցի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության, էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության հարցում։
Փաստաթուղթը ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ձևավորումը, Եվրոպական խորհրդին կոչ անում ավելացնել առաքելության կազմում փորձագետների թիվը, բարելավել նրա կարողությունները և աշխարհագրական շրջանակը, երկարաձգել դրա տեղակայման ժամկետը:
Հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է անում թույլ տալ Միության առաքելության տեղակայումն իր տարածքում և Լեռնային Ղարաբաղում, պաշտպանել հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը։ Զեկույցում ափսոսանք է հայտնվում, որ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումները լրջորեն խոչընդոտել են հայ-ադրբեջանական բանակցությունները։
Զեկույցը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը, երկրի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը։ Փաստաթուղթը ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը չի ներքաշվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ, և նրա կոչերը՝ վերսկսելու Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակով խաղաղ բանակցությունները։ Փաստաթուղթը նաև ողջունում է Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի որոշումը։
Մանրամասները՝ ռեպորտաժում: