Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմություն հանդիսացող «Սպարտիատես» կուսակցության առաջնորդ Վասիլիս Ստիգասի հետ։ Այս մասին տեղեկացրին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:
Դեսպան Մկրտչյանը հույն խորհրդարանականին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանվածների խնդիրները և միաջզգային ատյաններում նրանց իրավունքների բարձրացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերը, ռազմագերիների և մյուս գերեվարված անձանց օր առաջ ազատ արձակման անհրաժեշտությունը։
Դեսպանը մանրամասնել է նաև «Խաղաղության խաչմերուկի» հայկական տեսլականը` տարածաշրջանում կայուն զարգացում ապահովման համատեքստում։
Իր հերթին «Սպարտիատես» կուսակցության առաջնորդ Վասիլիս Ստիգասը դատապարտել է Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը։ Նա նաև ընդգծել է իր կուսակցության պատրաստակամությունը` Հայաստանին աներկբա աջակցություն ցուցաբերելու հարցում՝ ուղղված երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև ներդնել առավելագույն ջանքեր` խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում փոխադարձ շփումների ակտիվացման նպատակով։