ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշնակիցները և Կիևը պետք է պատրաստ լինեն «երկար ու բարդ» մարտական գործողություններին ուկրաինական հակամարտությունում, ինչպես նաև ընդգծել է, որ F-16-ների մատակարարումները «չեն կարող փոխել իրավիճակը մարտի դաշտում»։
«F-16-ները կուժեղացնեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը: Միևնույն ժամանակ, մենք պետք է գիտակցենք, որ չկա սպառազինությունների որևէ համակարգ, որն ինքնին կփոխի իրավիճակը մարտի դաշտում։ Դա բազմաթիվ հնարավորությունների միաժամանակյա համադրման խնդիր է: Մենք պետք է պատրաստ լինենք երկար ու բարդ մարտական գործողությունների»,- ասել է նա՝ Բրյուսելում ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստից հետո:
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված են ուկրաինական հակամարտությունում՝ «այդ թվում՝ ոչ միայն զենք մատակարարելով, այլև անձնակազմի պատրաստմամբ... Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ պետությունների տարածքում»։