Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև զինված հակամարտությունը չի բացառվում, սակայն հնարավոր էսկալացիան ամբողջությամբ կախված է Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններից՝ Известия-ին տված հայցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ն պետք է որոշի», սակայն Մոսկվան պատրաստ է բոլոր հասանելի միջոցներով պաշտպանել իր ազգային շահերը։ Ռյաբկովը կարծում է, որ դաշինքի հետագա ընդլայնման քաղաքականությունը դժվար թե փոխվի։ Այս ֆոնին Ռուսաստանի և դաշինքի հարաբերությունները մոտ ապագայում դժվար թե վերականգնվեն։ Նրա խոսքով՝ այժմ ժամանակը չէ վերսկսելու ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսությունը. Ռուսաստանը դեռ պատրաստ չէ արձագանքել այդ թեմայով ավելի վաղ Մոսկվա ուղարկված ամերիկյան առաջարկներին։
Ռյաբկովը նաև նշել է՝ չի ակնկալում, որ 2024 թվականին Ուկրաինայի իշխանությունների հետ զինադադար կկնքվի։ Ռուս դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը, ավելի հավանական է, որ ավարտվի ոչ թե խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, այլ ռուսական հատուկ գործողության բոլոր նպատակների իրագործմամբ։