Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Երուսաղեմի Հայկական այգիների շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մենք խիստ անհանգստացած ենք Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների դեմ հաճախակի դարձած սադրիչ գործողությունների մասին տեղեկություններով։
Մեր ուշադրության կենտրոնում է Հին քաղաքում գտնվող, այսպես կոչված, Հայկական այգիների շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը։ Դրանք դարձել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և բնակեցման կողմնակից իսրայելական կազմակերպություններից մեկի միջև դատական գործընթացի առարկա։ Չսպասելով դատավարության արդյունքներին՝ կազմակերպության ներկայացուցիչները սկսեցին վիճելի վայրում հյուրանոցային համալիրի կառուցման նախապատրաստությունը, ինչը հանգեցրեց տեղի հայերի և հրեա արմատականների միջև բախման։
Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին միջոցներ ձեռնարկել օրենքի շրջանակներում այս զգայուն հարցի արդարացի լուծումն ապահովելու համար։ Կարծում ենք, որ երկրի բոլոր կրոնական համայնքների իրավունքները պետք է հավասարապես պաշտպանվեն։ Դեմ ենք ցանկացած անօրինական գործողությունների, որոնք ուղղված են Երուսաղեմի Հին քաղաքում պատմականորեն ձևավորված էթնո-կրոնական հավասարակշռության փոփոխմանը, այդ թվում՝ քրիստոնեական համայնքների, նրանց սրբավայրերի և սեփականության դեմ ոտնձգություններին»,- ասել է Զախարովան: