ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերի ճապազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է.
«Վերջերս պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները հնչեցրել են որոշ գնահատականներ, որոնք ենթադրում են, որ առաջիկա մի քանի շաբաթները կարող են վճռորոշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար: Ի՞նչ տեղ է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հարցն այդ բանակցություններում, և, մասնավորապես, ինչպիսի միջազգային մասնակցություն է պետք Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության անվտանգ վերադարձն ապահովելու համար»:
Մայքլ Քարփենթերը նշել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ «Անցած տարվա ընթացքում մենք աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մի շարք բանակցություններին։ Պետքարտուղար Բլինքենն անձամբ մասնակցել է խաղաղության համաձայնագիր գտնելու ջանքերին, որն ամբողջ տարածաշրջանում ճանապարհ կհարթի հարաբերությունների կարգավորման, բաց հաղորդակցության և առևտրի համար, ինչը, կարծում ենք, բխում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերից»,- ասել է Մայքլ Քարփենթերը և հավելել.
«Մենք կշարունակենք աջակցել և առաջարկել մեր բարի ծառայությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպումներ անցկացնելու համար։ Ի վերջո, իհարկե, կողմերն իրենք պետք է օգտվեն այդ բարի ծառայություններից կամ միջնորդության առաջարկներից, որպեսզի աջակցեն կարգավորման համաձայնության հասնելու ջանքերին, բայց մենք կշարունակենք դա անել: Իսկ ինչ վերաբերում է փախստականների անվտանգ ու արժանապատիվ վերադարձի և կայուն վերաինտեգրման միջազգային սկզբունքին, ապա, իհարկե, մենք նույնպես կաջակցենք դրան»։