ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Լարսի անցակետում առաջացած խնդրին, «Ռոսսելխոզնադզոր»-ի վերջին հայտարարությանը՝ նշելով, որ Հայաստանի համար տարօրինակ է, որ այս տարի Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքներով բեռնված 6 տասնյակից ավելի մեքենաներ են վերադարձվում, երբ հայ մատակարարներն իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն կատարել:
«Մեզ համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ տարվա մեջ 35 մեքենա է վերադարձվում, հետո 2 օրվա մեջ՝ ևս 35 մեքենա՝ այն դեպքում, երբ մենք կարգավորումների և մատակարարներն իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն արել»,- ասաց նա:
Քերոբյանի խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում գործողություններ է սկսել: «Հրավիրվել ենք հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա 2 օրերի ընթացքում»,- ասաց Քերոբյանը:
Հիշեցնենք՝ Լարսում հարյուրավոր բեռնատարներ չեն կարողանում անցնել Ռուսաստանի սահմանը: Պտուղ-բանջարեղենով, ծաղիկներով, ձկով և այլ սննդամթերքով բեռնված ավտոմեքենաները անցակետում գտնվող ֆիտոսանիտարական կետում խիստ վերահսկողություն են անցնում: Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդը «Լուրերին» հայտնել էր, որ խնդիրը միայն հայկական բեռնատարների հետ կապված չէ, խիստ հսկողություն է Ռուսաստան մտնող բոլոր մաքսակետերում: