ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի «Հայաստանի կլիմայի հարմարվողականության ֆիսկալ ռիսկերի պլանավորում» զեկույցի արդյունքների վերաբերյալ հրավիրված քննարկմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Զեկույցն ընդգծում է Հայաստանի արձանագրած առաջընթացը և կարիքները՝ համապարփակ հարմարվողական ներդրումների և հարկաբյուջետային պլանավորման տեսանկյունից, որոնք իրենց հերթին ուղղված են հնարավոր ֆինանսական միջոցների ավելացմանը՝ կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությունը խորացնելու համար:
Զեկույցի արդյունքներն Ասիական զարգացման բանկի կողմից՝ բանկի նախագահի գլխավորությամբ, ներկայացվել են դոնոր գործընկերներին և կառավարության պաշտոնյաներին:
Պանելային քննարկումներին նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն անդրադարձ է կատարել բյուջետային և միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կազմման գործընթացներում կլիմայի փոփոխության համատեքստում ռիսկերի կառավարմանն առնչվող ծրագրերին:
Ամփոփելով միջոցառման քննարկումները՝ Է. Հակոբյանը նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է ամրապնդել համագործակցությունը այլ ճյուղային նախարարությունների հետ՝ կլիմայի փոփոխությանն առնչվող մարտահրավերներին դիմակայելու ծրագրերը հարկաբյուջետային և տնտեսական պլանավորման մեջ արդյունավետորեն ինտեգրելու նպատակով: