ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 29-ին մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով կոնֆերանսին:
«Առանց գիտության անհնար է ունենալ առաջընթաց ընդհանրապես: Հայագիտական, պատմագիտական, հումանիտար ինստիտուտների աշխատանքների շնորհիվ է ձևավորվում պետության ինքնությունը, պետականության հիմքը՝ նախանշելով այն նպատակներն ու առաջնահերթությունները, որոնցով առաջնորդվելով՝ ժողովուրդն ապրում ու արարում է»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը «Հայաստանում գիտատեխնոլոգիական ներուժի զարգացում. որտեղից և ինչպես սկսել» թեմայով պանելային քննարկման ընթացքում:
Խոսելով տեխնոլոգիական առաջընթացի մասին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը խորհրդային ժամանակաշրջանում աստղագիտության, արբանյակաշինության մեջ առաջատար էր: «Հայաստանն ավանգարդ պետություն էր այդ գիտություններում: Եվ եթե ցանկանում ենք մեր երկիրը տեղայնացնել որևէ գիտական, տեխնոլոգիական ուղղության մեջ, առանց գիտության անհնար է: Անհնար է առանց գիտական հենքի աշխարհում լինել առաջատար: Գիտությունն է միակ ճանապարհը, որի օգնությամբ Հայաստանը կկարողանա այս ագրեսիվ միջավայրում իր ուրույն տեղն ունենալ աշխարհի քարտեզի վրա»,- նշել է Հակոբ Արշակյանը:
Անդրադառնալով Գիտության և տեխնոլոգիայի զարգացման խորհրդի ձևավորման կարևորությանն ու անհրաժեշտությանը՝ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ գիտությունն ուժեղ պետության հիմքն ու իրավունքն է: «Պետք է ունենանք անկախ, համակարգային, ինստիտուցիոնալ գիտություն: Իսկ կազմակերպված գիտություն ունենալու համար հավելյալ ջանքեր են պահանջվում»,- նկատել է ԱԺ փոխխոսնակը:
Նրա խոսքով հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների իրականացրած աշխատանքների և ձեռքբերումների շնորհիվ Հայաստանը հեղինակավոր է: «Հայկական բարձր տեխնոլոգիական ընկերություններն առաջնորդողի դերակատարում ունեն Հայաստանում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը՝ արժևորելով «Գիտուժը» նախաձեռնությունը և գիտական համայնքի միասնական աշխատանքի կարևորությունը:
Կոնֆերանսում պանելային ձևաչափով քննարկվել են Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական համակարգի զարգացման հեռանկարներին, հետազոտահեն կրթական միջավայր ստեղծելուն, հումանիտար և հասարակագիտական գիտությունների զարգացմանն ուղղված քայլերին, գիտության առևտրայնացմանը վերաբերող հարցեր:
Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱՅԲ կրթահամալիրի հիմնադիր Արամ Փախչանյանը, գիտական, կրթական և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, ձեռներեցներ:
Կոնֆերանսի հիմնական նպատակն է քննարկել այդ համակարգի ստեղծման հեռանկարները և առկա մարտահրավերները, փորձել ուրվագծել ներկա պայմաններում խնդիրների լուծմանը նպաստող գործիքակազմերն ու մոտեցումները: