Եթե ես մի անգամ մի բան ասում եմ, չեմ փոխում իմ տեսակետը, մնում եմ նույն տեսակետին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե շարունակո՞ւմ է այն տեսակետին մնալ, որ Հայաստանի և ԼՂ իշխանության դավադիր որոշմամբ է հանձնվել ԼՂ-ն:
«Եթե командующий армии-ն [բանակի հրամանատար] չի ղեկավարում ռազմաճակատը, իր հետ միասին ղեկավարում են այլ անձինք, ուրեմն պետք է հետաքննություն ընթանա... Ես անուններով չեմ խոսում, այլ դրվագներով, փաստերով»,- ասաց Սամվել Բաբայանը, ապա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի «մեղավորությանը». «Անձամբ իր մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է: Երկրորդ խնդիրն այն է, որ հավատացել է նրանց, ում որ հավատացել է»։
Անդրադառնալով քննիչ հանձնաժողովի նիստին՝ Սամվել Բաբայանը նշեց, որ հանձնաժողովը կորոշի արդյոք սպառի՞չ էին իր պատասխանները. «Ես քննության եմ հրավիրվել Քննչական կոմիտե, և ամբողջովին այն, ինչ խոսել եմ Հանրայինով, ավելի ծավալուն ներկայացված է իրենց»:
Սամվել Բաբայանը նշեց, որ խոսքը վերաբերում է զինամթերքի հանձնման, Բաքվի հետ բանակցությունների, Սահմանադրության տապալման հետ կապված հարցերին:
ԼՂ ՊԲ նախկին հրամանատար նաև նաև տեղեկացրեց, որ պաշտոնի առաջարկ ՀՀ-ում չի ստացել, ստանալու դեպքում էլ կմերժի։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հետ հանդիպելուն, Սամվել Բաբայանը տեղեկացրեց, որ երկու տարուց ավելի է, ինչ Նիկոլ Փաշինյանի հետ չի հանդիպել: