Բալթյան երկրների արտգործնախարարները հրաժարվել են մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում անցկացվելիք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որին հրավիրվել է նաև ՌԴ նախարար Սերգեյ Լավրովը։
Համատեղ հայտարարության մեջ նախարարները հիշեցնում են, որ ԵԱՀԿ-ն ստեղծվել է Եվրոպայում անվտանգություն կառուցելու, հակամարտությունները կանխելու և խաղաղություն պահպանելու համար։
Ավելի վաղ ԵԱՀԿ նիստին մասնակցելուց հրաժարվել էր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան:
Ի դեպ, դա ՌԴ ԱԳ նախարար Լավրովի առաջին այցն է լինելու ՆԱՏՕ-ի երկիր, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր: Ռուսաստանը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության 57 անդամներից մեկն է, որը ստեղծվել է սառը պատերազմի տարիներին Արևելքի և Արևմուտքի միջև լարվածությունը թուլացնելու նպատակով:
Կազմակերպությունը նախագահող Հյուսիսային Մակեդոնիան անցյալ շաբաթ Լավրովին հրավիրել էր ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը, որը կսկսվի հինգշաբթի:
Երբ 2022 թվականի փետրվարին Մոսկվան ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի անդամներն արգելեցին ռուսական ինքնաթիռների թռիչքները։ Հյուսիսային Մակեդոնիա հասնելու համար Լավրովի ինքնաթիռը պետք է թռչի Բուլղարիայի կամ Հունաստանի օդային տարածքով, որոնք նույնպես արևմտյան ռազմական դաշինքի անդամներ են։
Երկուշաբթի Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ թույլ է տվել Լավրովի ինքնաթիռին թռչել երկրի օդային տարածքով, միաժամանակ նշել է, որ թույլտվությունը չի տարածվում նրա պատվիրակության անդամների վրա, որոնք ԵՄ պատժամիջոցների տակ են: