Էկրանին և էկրանից դուրս աշխատող մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի հայկական հեռուստատեսությունը մնա մրցակցային: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ շնորհավորական ուղերձ հղելով Հեռուստատեսության աշխատողի օրվա առթիվ:
«Ուղիղ 67 տարի առաջ հենց այս օրը Նորքի բարձունքից հեռարձակվեց հայկական հեռուստատեսության առաջին եթերը. այդ օրվանից սկսած մենք ունեցանք հայկական և հայալեզու եթեր: Ավագ գործընկերներս պատմում են, որ շատ երկար են մտածել, թե ինչպես կոչել այդ երևույթը և ինչպես անվանել այն սարքը, որով մարդիկ դիտելու էին եթերը, և ի վերջո բազմաթիվ տարբերակներից ընտրվեց «հեռուստատեսությունն» ու «հեռուստացույցը»:
Պատմական այդ օրվանից հետո հեռուստատեսությունը շատ փոփոխությունների է բախվել:
Այսօր էլ ոլորտում մարտահրավերները շատ են, և հեռուստատեսությունը պետք է ու փորձում է հարմարվել ժամանակակից միտումներին: Էկրանին և էկրանից դուրս աշխատող մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի հայկական հեռուստատեսությունը մնա մրցակցային ու հետաքրքիր, և սա ոչ միայն Հանրային հեռուստատեսությունում, այլև մեր բոլոր գործընկեր հեռուստաընկերություններում: Այսօր հայկական հեռուստատեսության և այն ստեղծողի՝ Հեռուստատեսության աշխատակցի օրն է:
Շնորհավոր մեր տոնը»,- գրել է նա: