ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ համարձակություն է ցուցաբերել և հասկացրել, որ ցանկանում է՝ Հայաստանը առաջ շարժվի սահմանների բացման, Արևմուտքի հետ հարաբերությունների հարցում, և որ նախկին ղեկավարների նման չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը:
Ջեյմս Օ՛Բրայենի խոսքով՝ Փաշինյանը մի շարք բարեփոխումներ է ձեռնարկել, դրանք պետք է ոգևորիչ լինեն Հայաստանի քաղաքացիների համար, որոնք ցանկանում են տնտեսական աճ տեսնել, ինչպես վերջին մեկ կամ երկու տարում:
«Վարչապետ Փաշինյանը նաև հանդես է եկել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի օգտին, ինչը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ տնտեսական զարգացման վրա, անվտանգության հարաբերություններ կառուցել և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից Թուրքիա. այս ամենը մենք շատ կցանկանայինք տեսնել: Այնպես որ, Հայաստանին օգնող ցանկացած փաթեթ ողջունելի է: Մենք նաև հանձնառու ենք՝ աշխատելու եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ համոզվելու, որ Հայաստանի ժողովուրդը կարող է օգուտ քաղել Փաշինյանի կառավարության բարեփոխումների քաղաքականությունից»,- նշել է պաշտոնյան։
Օ՛Բրայենը անդրադարձել է Հարավային Կովկասում կայունության հաստատման հեռանկարին, նշել՝ Վաշինգտոնն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական հնարավորություն է տեսնում:
«Մեզ ոգևորում է փաստը, որ կողմերը խոսում են միմյանց հետ ուղղակիորեն և միջնորդների օգնությամբ։ Դրանից կարող է շահել ամբողջ տարածաշրջանը: Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը Ադրբեջանի և Հայաստանի տարածքով շարժվեր դեպի Թուրքիա, դա էական խթան կլիներ առևտրային այդ ճանապարհի բոլոր երկրների համար։ Եվ Վաշինգտոնը կողջուներ դրա մի մասը լինելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ, եթե որոշում կայացվի դրան հասնել ոչ խաղաղ ճանապարհով, Միացյալ Նահանգները պետք է օգտագործի հնարավոր բոլոր գործիքները՝ խուսափելու այդ տեսակի առևտրային ճանապարհի ստեղծումից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:
Դիվանագետն ընդգծել է՝ Վաշինգտոնը հստակ ասել է կողմերին՝ ինչ է ցանկանում տեսնել, և ինչ հետևանքներ կունենան հակառակ գործընթացները: «Մենք գիտենք, որ կողմերը շահագրգռված են՝ շատ շուտով խաղաղության համաձայնագիր կնքելով, և մենք կցանկանանք, որպեսզի դա տեղի ունենա»,- եզրափակել է Օ՛Բրայենը: