ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի (CDDG) 18-րդ նիստին։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Նիստի ընթացքում ամփոփվել են Կոմիտեի տարեկան աշխատանքները, մասնավորապես Ժողովրդավարական լավ կառավարման սկզբունքների, մասնակցային ժողովրդավարության, բազմաստիճան կառավարման, կանաչ հանրային կառավարման և էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ։
Վաչե Տերտերյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Կոմիտեի անդամներին և Քարտուղարությանը աշխատանքներում գրանցած հաջողությունների առթիվ և ընդգծել Կոմիտեի կարևորությունը անդամ երկրներում համապատասխան բարեփոխումների մասով։
Նախարարի տեղակալը ներկայացրել է վերջին շրջանում Հայաստանում իրականացրած բարեփոխումները և բարձր գնահատել Եվրոպայի Խորհրդի հետ երկարամյա համագործակցությունը և աջակցությունը։ Ներկայացվել է տարածքային վարչական բարեփոխումների նոր ձեռքբերումը՝ Ապակենտրոնացման հայեցակարգի ընդունումը, ինչը սահմանում է համայնքներում լիազորությունների հետագա ապակենտրոնացման շրջանակը և տեղական ինքնակառավարման կայուն զարգացման առաջնահերթությունը: Այն ձգտում է ամրապնդել տեղական ժողովրդավարությունը և նպաստել համայնքների հզորացմանն ու կայուն զարգացմանը:
Հայեցակարգը սահմանում է լիազորությունների ապակենտրոնացման սկզբունքները, խնդիրներն ու նպատակները, առաջարկվող լուծումներն՝ ուղղված լիազորությունների ապակենտրոնացմանն ըստ լիազորությունների ոլորտների, ակնկալվող արդյունքներն ու ֆինանսավորման աղբյուրը, առաջիկա տարիներին հնարավոր գործողությունների և ձեռնարկվելիք միջոցառումների շրջանակը։
Եզրափակելով ելույթը՝ Վաչե Տերտերյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է իր ակտիվ համագործակցությունը ԵԽ գործընկերների հետ՝ տեղական բարեփոխումների ոլորտում լավագույն փորձի փոխանակման, Ժողովրդավարական լավ կառավարման սկզբունքների պահպանման և զարգացման ուղղությամբ։