Կատարի իշխանությունները, որ միջնորդական ջանքեր են գործադրում իսրայելա-պաղեստինյան կարգավորման գործընթացում, առաջիկա օրերին կկենտրոնանան Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման վրա՝ հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին նշել է, որ մարդասիրական դադարը պարբերաբար կարող է երկարաձգվել՝ մեկ օր՝ յուրաքանչյուր իսրայելցի 10 պատանդի ազատ արձակման դիմաց։ Նա չի բացառել, որ առաջիկայում կարող են բանակցություններ տարվել նաև ՀԱՄԱՍ-ի գերեվարած իսրայելցի զինվորականների ազատ արձակման հնարավորության շուրջ, սակայն ներկայումս, Կատարի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, առաջնահերթությունը խաղաղ բնակիչներին ազատելու հարցն է:
Ալ Անսարին նաև տեղեկացրել է, որ Գազայի հատվածում հրադադարի աննշան խախտումներ են գրանցվում: Դրանք, մեծ հաշվով, չեն սպառնում Իսրայել-ՀԱՄԱՍ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը:
Երեկ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել էին ևս 2 օրով երկարաձգել հրադադարը և շարունակել գերիների ու պահվող անձանց փոխանակումը: