ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 28-ին բացման խոսքով է հանդես եկել «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023» միջոցառմանը:
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, էներգետիկայի ոլորտի նկատմամբ առկա է մեծ հետաքրքրություն: Նրա խոսքով էներգետիկան արդյունաբերության զարգացման, մարդկանց բարեկեցության, տնտեսական առաջընթացի, պետությունների անվտանգության և սուվերենության հիմքն է:
ԱԺ փոխնախագահը, խոսելով 2021-2026 թվականների Կառավարության գործունեության ծրագրի առաջնահերթություններից, նշել է, որ էներգետիկայի ոլորտում քաղաքականությունն ուղղված է լինելու էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի և գազի հուսալի ու որակյալ մատակարարման ապահովմանը:
«Մինչև 2040 թվականն էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարությունն ուրվագծում է Հայաստանի տեսլականն էներգետիկայի զարգացման ոլորտում, որը խարսխված է ազատ մրցակցային և ոչ խտրական, ներառական ու դիվերսիֆիկացված էներգետիկ անկախության բարձր մակարդակով, մաքուր և էներգախնայող, թվայնացված և ինովացիոն, գիտելիքահեն և բարձր տեխնոլոգիատար, կանխատեսելի և թափանցիկ, հասանելի և արդարացի բոլորի համար սկզբունքների վրա»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը և հավելել, որ ռազմավարության շրջանակում իրագործված բարեփոխումների արդյունքում 2022 թվականին գործարկված էլեկտրոնային հարթակի օգնությամբ Հայաստանում էլեկտրաէներգիա սպառողին ընձեռվում է մատակարարին ինքնուրույն ընտրելու, պայմանագիր կնքելու և առևտուր անելու հնարավորություն:
ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ սա էներգետիկայի շուկայի ազատականացման կարևոր բարեփոխում է: Ստեղծվել են նոր հնարավորություններ ներդրողների և էլեկտրաէներգիա արտադրողների համար. այժմ շուկան ազատ է, ցանկացողները կարող են էլեկտրաէներգիա արտադրել, արտահանել և ներկրել Հայաստանից:
Հակոբ Արշակյանը նշել է, որ պետական մեկ այլ ծրագրով էլ հնարավոր է արտոնյալ պայմաններով (0-5 տոկոսով վարկեր ստանալ բանկերից) տեղադրել մինչև 10 մլն դրամ արժողությամբ անհատական արևային համակարգեր: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը կարևորել է հատկապես սահմանամերձ համայնքներում քաղաքացիների իրազեկման մակարդակի բարձրացումը:
Աջակցության ծրագրերին անդրադառնալով՝ ԱԺ փոխնախագահը նշել է. «Ինքնավար էլեկտրաարտադրողների, տնային տնտեսությունների, արևային պանելների միջոցով էլեկտրաէներգիայի փոխանակում իրականացնելու վերաբերյալ բարեփոխումների արդյունքում եթե 2018 թվականին 784 համակարգ ունեինք, ապա այժմ 10.000-ից ավելի ինքնավար արտադրողներ կան: Դա, իհարկե, տպավորիչ ցուցանիշ է, բայց պետք է այս ուղղությամբ եւս աշխատել»:
ԱԺ փոխխոսնակի խոսքով Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտի կայուն զարգացման գրավականը վերականգնվող էներգետիկ ներուժի տնտեսապես հիմնավորված, արդյունավետ և պատասխանատու օգտագործումն է, ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը, էլեկտրաէներգետիկական համակարգի տարածաշրջանային ինտեգրումը, էներգակիրների մատակարարման ուղիների և ձևերի տարատեսակումը, էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումների ներդրումը, թվային էներգետիկ վերափոխումը: Սրան են ուղղված բոլոր քայլերը, ներառյալ օրենսդրական դաշտի բարելավումը, կանխատեսելի սակագնային քաղաքականությունը, ներդրողների հետ տարվող աշխատանքները: Հակոբ Արշակյանի համոզմամբ ստեղծվում է հարմարավետ միջավայր էներգետիկայի ոլորտում ներդրումների համար, ինչի արդյունքում էլ ավելի է բարձրանում երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակը: «Կայուն էներգետիկան տնտեսության զարգացման կարևորագույն գրավականներից է` ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը և կենսամակարդակի բարձրացմանը»,- փաստել է Հակոբ Արշակյանը և հաջողություն մաղթել միջոցառման մասնակիցներին:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:
Երևանում, Ծաղկաձորում, Գյումրիում և Դիլիջանում հինգ օրերի ընթացքում կքննարկվեն ոլորտի ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման միտումները, ոլորտային բարեփոխումներն ու իրականացվող քաղաքականությունը, ստեղծված իրավական ու տնտեսական միջավայրը, համայնքների կայուն էներգետիկ զարգացմանը, կլիմայի փոփոխությանը վերաբերող հարցեր, ինստիտուցիոնալ բարեփոխումները, վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարները և ոլորտային այլ հարցեր: