Ղազախստանը զգալիորեն նվազեցրել է երկակի նշանակության ապրանքների վերարտահանումը Ռուսաստան, սակայն այլ ապրանքների արտահանման աճ է նկատվում: Այդ մասին Աստանայում հայտարարել է պատժամիջոցների հարցով ԵՄ հատուկ բանագնաց Դևիդ Օ՛Սալիվանը:
«Մենք շնորհակալ ենք ղազախ գործընկերներին, Ղազախստանի իշխանություններին իրենց ձեռնարկած միջոցառումների համար, որոնց արդյունքում մենք տեսնում ենք դեպի Ռուսաստան որոշակի ապրանքների վերարտահանման մակարդակի զգալի նվազում։ Բայց, մյուս կողմից, մենք նաև տեսնում ենք որոշակի այլ ապրանքների վերարտահանման աճ, ուստի մենք դեռ շատ անելիքներ ունենք և պետք է աշխատենք»,- ասել է պաշտոնյան:
Օ՛Սալիվանի խոսքով՝ ԵՄ-ում հույս ունեն, որ պատժամիջոցները խոչընդոտ չեն հանդիսանա Ղազախստանի հետ համագործակցության ճանապարհին: Նա տեղեկացրել է, որ եղել է նաև Հայաստանում, Ղրղզստանում, Սերբիայում, ԱՄԷ-ում, Թուրքիայում, և որ պատրաստվում է այցելել Ուզբեկստան և Հնդկաստան:
«Այս ուղևորությունների նպատակը ոչ թե այդ երկրներին համոզելն է՝ միանալ կամ ընդունել մեր կողմից սահմանված պատժամիջոցները, այլ նրանց հետ խոսել այն մասին, որ իրենց իրավասությունը, իրենց տարածքը չօգտագործվի որպես պատժամիջոցների շրջանցման և ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի սպասարկման հարթակ»,- հավելել է ԵՄ հատուկ բանագնացը: