Իլհամ Ալիևի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցի վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Բաքվի մասին Վաշինգտոնի վերջին հայտարարություններն ու քայլերը լուրջ վնաս են հասցրել երկկողմ հարաբերություններին։
Նա նշել է, թե Կոնգրեսում Հարավային Կովկասի մասին լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը կողմնակալ հայտարարություններ է արել: Ալիևը հավելել է, որ ադրբեջանական կողմը նաև ի գիտություն է ընդունել Միացյալ Նահանգների կողմից երկկողմ հանդիպումները և բարձր մակարդակի շփումները հետաձգելու փաստը:
Ըստ հաղորդագրության՝ առաջիկայում ակնկալվում է Ջեյմս Օ՛Բրայենի այցը Ադրբեջան՝ դիտարկելու Բաքու-Վաշինգտոն հարաբերությունների օրակարգը: Ադրբեջանական կողմի տվյալով՝ Բլինքենը և Ալիևը անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին կայանալիք հանդիպմանը: