Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի Կառավարության՝ դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը»,- գրել է Նազելի Բաղդասարյանը:
Ավելի վաղ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ
Մեթյու Միլլերը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Պետքարտուղարը վերահաստատել էր ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: