ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում ողջունել է վերջինիս ձգտումը` կնքել ամուր և արժանապատիվ խաղաղության պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այդ մասին հայտնում է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
«Պետքարտուղարն ընդունել է տառապանքները, որոնք այս երկարատև հակամարտությունը պատճառել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: Նա ընդգծել է այն առավելությունները, որոնք տարածաշրջանում կհայտնվեն խաղաղության հաստատումից հետո: Պետքարտուղարը քննարկել է ԱՄՆ ամուր հարաբերություններն Ադրբեջանի հետ, նշել հարաբերություններում անհանգստություն առաջացնող վերջին դրվագները, ինչպես նաև խոսել համագործակցության ամրապնդման հնարավորությունների մասին, հատկապես` խաղաղության գործընթացի շուրջ, նաև անդրադարձել բարձր մակարդակի փոխգործակցության կարևորությանը»,- նշել է Միլլերը: