Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասաթուգու Ասակավային: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ հետ ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ համատեղ իրականացվող ծրագրերը համահունչ են Հայաստանի կառավարության ռազմավարական առաջնահերթություններին:
Մհեր Գրիգորյանը առանձնակի կարևորել է ԱԶԲ ուղղակի համագործակցությունը մասնավոր հատվածի ընկերությունների հետ՝ ընդգծելով դրա կարևորությունը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ԱԶԲ նախագահին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հիմնական կարիքներն ու Կառավարության կողմից իրականացվող աջակցության միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել երկարաժամկետ լուծում պահանջող խնդիրներին:
Զրուցակիցները երկուստեք շեշտել են համագործակցության ընդլայնման կարևորությունը ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև զբաղվածության և թվայնացման ուղղությամբ անհրաժեշտ բարեփոխումների շուրջ: