Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար և նշել, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացումը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ:
Էվանգելոս Տուրնակիսի խոսքով՝ իր գործունեության ընթացքում ներդրել է բոլոր ջանքերը՝ ի նպաստ բարեկամ Հայաստանի հետ կապերի ընդլայնման ու ամրապնդման և վստահություն հայտնել, որ հայ-հունական համագործակցությունը կշարունակի ընդլայնվել բոլոր ոլորտներում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ:
Վարչապետ Փաշինյանը դեսպան Տուրնակիսին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ: