Կայացել է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն-II փուլ» և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրերի 2-րդ խորհրդակցական աշխատաժողովը: Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է «Հարավային կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն-II փուլ» ծրագրի ազգային խորհրդատվական խմբի երկրորդ նիստը։
Նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, ծրագրի դոնորներ և շահառու մարզերի, համայնքների, իրականացնող համայնքային կառույցների և այլ հաստատությունների ներկայացուցիչներ:
Նիստի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել մինչ այժմ կատարված աշխատանքները և ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև պլանավորված գործողությունները: Հանդիպմանը
նախատեսվում է չորս համայնքների հետ եռակողմ Բնապահպանական համաձայնագրերի ստորագրում:
«Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2015թ.: Հայաստանում այն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջանքերով և ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով: Ծրագրի երկրորդ փուլը համաֆինանսավորում է Շվեյցարիայի կառավարությունը` Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրով։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ելույթում նշել է, որ Հարավային Կովկասում էկոմիջանցքների ծրագիրը շատ կարևոր է բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման, ԲՀՊՏ միասնական ցանցի ձևավորման, այս ոլորտում ռազմավարական ուղղությունների և առաջնահերթությունների մշակման, ինչպես նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող տեսակների կենսամիջավայրերի, կենդանիների միգրացիոն ուղիների պահպանության համար։