ՀՀ-ն լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԼՂ բնակիչների իրավունքների հարցը Հայաստանը կքննարկի՞ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շրջանակում:
«Հայաստանի Հանրապետությունը նման հարց այսօր չունի,- ասաց Ալեն Սիմոնյանը, ապա հավելեց.- կարծում եմ, որ մենք պետք է այս պատմական փուլում կենտրոնանանք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման և տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման վրա։ Հետագայում ինչ-որ ադրբեջանցի ցանկություն կունենա կամ չի ունենա վերադառնալու Հայաստանում ապրելու, ինչ-որ հայ ցանկություն կունենա կամ չի ունենա վերադառնալ Բաքու, Ստեփանակերտ, Շուշի և մնացած բոլոր այն բնակավայրերը, որտեղ հայեր են ապրել, դա արդեն ապագայի հարց է»:
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ առանց խաղաղության ու ատելության խոսքի վերացման՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձն անհնար է։