ՀՀ սահմանամերձ 80 բնակավայրերում պետության աջակցությամբ տուն կառուցելու ծրագիրն ընթացքի մեջ է: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է ծրագրի շահառու դառնալու պայմանները:
Ըստ այդմ՝ ծրագրի շարահու կարող են դառնալ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն՝ առանց տարիքային սահմանափակման և անկախ երեխա ունենալու հանգամանքից։ Շահառուն պետք է ունենա նաև սահմանամերձ 80 գյուղական բնակավայրերից մեկում գտնվող հողամասի կամ կիսակառույցի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական: Նախագծման աշխատանքների ավարտից հետո այն պետք է ներկայացնել համայնքային կառույց՝ շինարարության թույլտվություն ստանալու նպատակով: Նախատեսված պայմանները բավարարելու դեպքում շահառուն հիփոթեքային վարկավորման գործընթաց սկսելու համար պետք է դիմի նախընտրելի բանկ կամ վարկային կազմակերպություն՝ «Կոնվերս բանկ», «Էվոկաբանկ», «Ակբա բանկ», «Յունիբանկ», «Ֆինկա» ունիվերսալ վարկային կազմակերպություն: Հաստատվելու դեպքում գումարի աջակցությունը կտրամադրվի փուլային եղանակով:
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով մարման համար։ Փոխնախարարը հայտնել է նաև, որ գործընթացը մեկնարկել է ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներից, և այս պահի դրությամբ հաստատվել է ավելի քան 200 հայտ: Եթե անհրաժեշտ գումարը 16 միլիոն դրամից ավելի է, քաղաքացին պետք է հավելյալ գումարը տրամադրի, այն կարող է ձեռք բերվել նաև հավելյալ վարկավորման միջոցով:
Գումարը կարող է տրամադրվել նաև կիսակառույց այն շինությունների համար, որոնք չունեն ավատական ակտ: Աջակցությունը կարող է ուղղվել նաև տան վերանորոգմանը: Կառուցվող բնակելի տունը գրավի առարկա է հիփոթեքի ողջ ժամանակահատվածի ընթացքում, գույքի օտարումը կարող է տեղի ունենալ վարկն ամբողջությամբ մարելու դեպքում:
ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս կարող են օգտվել այս ծրագրից, սակայն նրանց պարագայում պայմանն այն է, որ ամուսիններից մեկը լինի ՀՀ քաղաքացի:
Ծրագրի մանրամասները, ինչպես նաև գյուղական բնակավայրերի ցանկը հրապարակված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում: Հարցեր ունենալու դեպքում շահառուները կարող են զանգահարել նախարարության թեժ գիծ՝ 114: