Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են ևս 2 օրով երկարաձգել հրադադարը: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ:
Գործարքի շրջանակում ՀԱՄԱՍ-ը բաց է թողել իսրայելցի 11 պատանդի՝ կանանց և երեխաների: Jerusalem Post-ը հայտնել է, որ շարժումը պատրաստ է քննարկել նաև գերեվարված իսրայելցի զինվորականներին ազատ արձակելու հնարավորությունը և պայմանները:
Իսրայելական բանտերից էլ ազատ է արձակվել 33 պաղեստինցի: Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի գերեվարած անձանց նոր ցանկ ստանալու մասին: Ակնկալվում է, որ պատանդների հինգերորդ խումբը կարող է ազատ արձակվել այսօր:
ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ զինադադարի շրջանակում Իսրայելը նաև թույլ է տվել, որ Եգիպտոսի Ռաֆահ անցակետով Գազայի հատված վառելիք և բնական գազ տեղափոխվեն, որոնց շնորհիվ հնարավոր կլինի գործարկել կենսական կարևորության ենթակառուցվածքները, այդ թվում՝ բուժհաստատությունները:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նախազգուշացրել է՝ մարդասիրական դադարի ավարտից հետո իսրայելական բանակը կվերսկսի մարտերն ավելի մեծ ինտենսիվությամբ և կգործի Գազայի հատվածի ամբողջ տարածքում։
Մինչ այդ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 16 հազարի, ևս 35 հազարը վիրավորվել է։ Իսրայելական կողմը հայտնում է 1200 զոհի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: