Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն օրերս տեսակցել են գերեվարված, Ադրբեջանում պահվող հայերին: Տեղեկությունը «Լուրերին» հաստատել է Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Մարդասիրական կառույցից այցելել են 2020 թվականի ու 2023-ի սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո գերեվարված անձանց:
Առաջին անգամ Կարմիր խաչը ԼՂ-ի նախկին պաշտոնյաներին տեսակցել էր հոկտեմբերի 20-ին, այս այցը երկրորդն է եղել: Սեպտեմբերի 19-ի դեպքերի առնչությամբ Ադրբեջանում պահվող այլ անձանց վերաբերյալ հաստատում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ստացել է նոյեմբերի սկզբին:
Զառա Ամատունու խոսքով՝ բոլորին այցելել են, ծանոթացել նրանց պահման պայմաններին, առողջական վիճակին, օգնել կապ հաստատել հարազատների հետ: Կարմիր խաչը պահվողների ընդհանուր թվի վերաբերյալ տեղեկություն չի հաղորդում, սակայն հայկական կողմի հաշվարկով՝ սեպտեմբերի 19-ից հետո Բաքուն գերեվարել է 16 հոգու, նրանցից 8-ը՝ ԼՂ-ի նախկին ու ներկա պաշտոնյաներ: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մինչև սեպտեմբերի 19-ն էլ հաստատված և Ադրբեջանում պահվող ևս 37 անձ կար: Այսինքն՝ Ադրբեջանն ապօրինաբար պահում է առնվազն 53 հոգու: