ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասաթուգու Ասակավայի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաև ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովը, ԱԶԲ գործադիր տնօրեն Մեյդ Վիջայան, ԱԶԲ ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
Ողջունելով ԱԶԲ նախագահին և գոհունակություն հայտնելով երկկողմ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ՝ նախարար Հովհաննիսյանն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին ԱԶԲ և Հայաստանի միջրև համագործակցությունը բավական ինտենսիվ բնույթ է ստացել, ինչի մասին է վկայում նաև համագործակցության հագեցած օրակարգը:
ԱԶԲ նախագահը նույնպես բարձր է գնահատել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցությունը՝ իր կողմից շեշտելով, որ ԱԶԲ-ն հետաքրքրված է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը և պատրաստակամ է շարունակելու երկխոսությունը նոր համագործակցության հեռանկարների ուղղությամբ:
Մասաթուգու Ասակավան նշել է, որ ԱԶԲ-ն կարևորում է ընթացիկ Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման բյուջետային աջակցության ծրագրի նշանակությունը, և, հաշվի առնելով վերջինիս շարունակական բնույթը, նկատի ունենալով, որ այն մի քանի փուլից է բաղկացած, ընդգծել, որ բանկը պատրաստ է քննարկել ծրագրի ֆինանսական միջոցների և վերջինիս ներքո իրականացվելիք բարեփոխումների շրջանակների հետագա ընդլայնմանն առնչվող հարցերը:
Վահե Հովհաննիսյանը կարևորել է նաև ԱԶԲ-ի կողմից կարողությունների զարգացմանն ուղղված շարունակական աջակցությունը՝ նշելով, որ այն բավական օգտակար է տարբեր ծրագրերի իրականացման գործընթացներում ներգրավված հայկական կողմի մասնագետների և աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացման տեսանկյունից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի, այդ թվում՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման և մի շարք այլ բնագավառներում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բյուջետային աջակցության ուղղությանը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագայում ևս շարունակել անհրաժեշտ ջանքերի գործադրումը համատեղ նպատակադրումների և ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ: