Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան նորակառույց թիվ 122 դպրոց և ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին:
Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2021 հունվարին: Ներկայումս այստեղ սովորում է 821 աշակերտ։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1 մլրդ 948 մլն դրամ:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և ընդգծել իրադարձության կարևորությունը. «Ընդունված է համարել, որ կարևոր իրադարձությունները տեղի են ունենում կառավարական շենքերում, ինչը սխալ չէ իհարկե, բայց ես հավատում եմ, որ երկարաժամկետ ռազմավարական առումով մեր երկրի ապագայի համար ամենակարևոր իրադարձությունները տեղի են ունենում այսպիսի շենքերում՝ այն դպրոցներում, մանկապարտեզներում, որտեղ ձևավորվում են մեր երկրի ապագայի մասին պատկերացումներն այն մարդկանց մտքում, ովքեր պիտի իրագործեն այդ պատկերացումները: Եվ այս առումով նման դպրոցների ստեղծումը, ֆիզիկական պատշաճ միջավայրի ձևավորումը չափազանց կարևոր են, որովհետև բազմիցս եմ ասել՝ քաղաքաշինությունը և քաղաքաշինական օբյեկտները մեր մտածողության վրա ուղիղ ազդեցություն ունեցող գործոններ են, որոնք երբեք չպետք է թերագնահատել»:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստել են դպրոցի կառուցման աշխատանքներին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև Ասիական զարգացման բանկին համագործակցության համար և հույս հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի, կզարգանա: Դիմելով աշակերտներին՝ վարչապետը նշել է. «Այսօր դպրոցը մենք հանձնում ենք ձեզ, և իրականում շենքը դուք պետք է ապրեցնեք: Եվ ուզում եմ, որ ամեն օրվա հետ այս շենքի պատերը ներծծվեն Հայաստանի Հանրապետությունով, Հայաստանի Հանրապետության գիտակցությամբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելով և ըմբռնելով, Հայաստանի Հանրապետությունն առանցքում ունենալով: Սա չափազանց կարևոր է: Ես նաև ուզում եմ, որ մենք մեր բոլոր դպրոցներում կարողանանք ապահովել հետևյալ պայմանները՝ յուրաքանչյուր աշակերտ այստեղից դուրս գա ֆիզիկապես ուժեղ, մտքով ուժեղ և հոգեբանորեն ուժեղ: Երեք գործոններն էլ չափազանց կարևորում եմ: Շատ կարևորում եմ, որ մենք ի վիճակի լինենք բացահայտել, զարգացնել յուրաքանչյուր երեխայի տաղանդը, որովհետև հավատում եմ, և դա իրողություն է, որ յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է: Մենք պետք է կարողանանք դպրոցը դարձնել այդ տաղանդների բացահայտման և զարգացման հարթակ, սա է, իմ պատկերացմամբ, դպրոցի ամենամեծ առաքելությունը»:
Անդրադառնալով հայրենիք, հայրենասիրություն թեմաներին՝ վարչապետը նշել է, որ վերջին շրջանում շատ են քննարկվում հայրենիքը, հայրենասիրությունը, հայրենասիրության նոր մոդելը. «Խոսքս ուզում եմ ավարտել մի այսպիսի տեքստով, որը նպատակ ունի թեզ առաջարկել հայրենասիրության նոր մոդելի և նոր պատկերացումների վերաբերյալ: Ես ուզում այս թեզը, այս պարբերությունը թողնել ձեզ և հույս ունենալ, որ այն ձեզ մտածելու առիթ կտա: Իսկ թեզը հետևյալն է.
«Հայրենիքը պետությունն է:
Սիրո՞ւմ ես հայրենիքդ,
ուժեղացրո՛ւ պետությունդ:
Այն ստեղծել ես դու: Քո որևէ նախնի ուղիղ կապ ունի հենց այս պետության հետ:
Սրանով է Հայաստանի Հանրապետությունը տարբերվում մնացած պետություններից:
Այն քո ժառանգությունն է, քո զավակների ժառանգությունը:
Հայաստանի Հանրապետությունը քո և/կամ քո նախնիների աշխատանքի արդյունք է:
Այստեղ ապրելու կանոնները դու ես որոշում:
Դարձրո՛ւ պետությունդ քո երազածը և դարձի՛ր նման քո պետությանը. ազա՛տ, ուժե՛ղ, բարեկեցի՛կ, երջանի՛կ»:
Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում եմ ձեզ և մեր պետությանը լինել ազատ, ուժեղ, բարեկեցիկ, երջանիկ»: