ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակից: «Մինսկի նստաշրջանում Երևանի բացակայության կապակցությամբ կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է»,- հավելել է նա: Տասմագամբետովը նշել է, որ ըստ իր ունեցած տեղեկության՝ հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել։ «Ամեն դեպքում, դա անկախ և ինքնիշխան պետության որոշում էր, ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել դրա վրա։ ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի՝ որպես կազմակերպության լիիրավ անդամի որոշումը»,- շեշտել է պաշտոնյան։
Նա նաև ամփոփել է նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ՀԱՊԿ-ի նիստը: Տասմագամբետովի խոսքով՝ հանդիպման գլխավոր արդյունքն այն էր, որ ղեկավարները վերահաստատել են կառույցի սկզբունքներին հավատարմությունը: Գլխավոր քարտուղարը նշել է՝ գագաթնաժողովում ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգը բարելավելու նպատակով փաստաթղթերի փաթեթ է ընդունվել: Տասմագամբետովի խոսքով՝ դա թույլ կտա ավելի արագ համակարգել և կյանքի կոչել անդամ պետությունների պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները։
Ավելի վաղ Բելառուսի արտգործնախարարը տեղեկացրել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գագաթնաժողովից հետո կմեկնի Երևան և վերջնական տեսքի բերված բոլոր որոշումները կփոխանցի հայ գործընկերներին: Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» հայտնել է, որ գերատեսչությունը կդիտարկի ՀԱՊԿ կանոնադրական մարմինների ընդունած փաստաթղթերը և դրանց Հայաստանի միանալու հարցը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: