Մոսկվան հուսով է, որ Հայաստանը ժամանակի ընթացքում լիովին կվերականգնի մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը Մինսկում կառույցի ղեկավարների գագաթնաժողովից հետո: Դմիտրի Պեսկովը նշել է՝ Երևանի դիրքորոշումը լավ հայտնի է.
«Սակայն ամեն հարցի շուրջ չէ, որ կարող ենք համաձայնել, քանի որ ՀԱՊԿ-ը պահանջված միություն է: Բոլոր երկրները համակարծիք են՝ դաշինքը պետք է ամրապնդվի և զարգանա»,- ընդգծել է պաշտոնյան: Կրեմլի խոսնակը հավելել է՝ մի շարք երկրներ դեռ փորձում են ապակայունացնել Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով վերջերս Բաքուն հայտարարեց, որ այդ երկրները չեն կարող միջնորդի դեր կատարել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում: Պեսկովը մեղադրել է Արևմուտքին միակողմանի դիրքորոշման համար:
«Ռուսաստանը տեղյակ է տարածաշրջանից Մոսկվային դուրս մղելու փորձերին: Սակայն, բացի Ռուսաստանից, ոչ ոք ի վիճակի չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորի դեր խաղալ»,- շեշտել է Դմիտրի Պեսկովը, հավելել՝ Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել:
Մանրամասները՝ ռեպորտաժում: