Ադրբեջանում բանտ են նետում լրագրողներին, այլ ոչ թե կոռումպացված վերնախավին, որի հանցագործությունները բացահայտում է մամուլը: Լրատվամիջոցների մասին նոր օրենքը, որն ուղղված է անկախ ձայները խեղդելուն, կարծես թե իշխանություններին այլևս չի բավարարում, և նրանք խեղդում են երկրի վերջին անկախ լրատվամիջոցները։ Այդ մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարության մեջ՝ կապված Abzas Media առցանց լրատվամիջոցի ղեկավարության ձերբակալությունների հետ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում՝ նոյեմբերի 24-ին։
«Կազմակերպությունը զգուշացնում է միջազգային հանրությանն իրավիճակի վատթարացման մասին և կոչ է անում ազատ արձակել Ուլվի Հասանլիին, Սևինջ Վագիֆգըզըին և Մուհամեդ Կեկալովին»,- ասվում է հայտարարության մեջ։
«Ահաբեկումներն ու խմբագրության աշխատանքի խոչընդոտումը շարունակվում են։ AbzasMedia-ի հետ համագործակցած մյուս երկու լրագրողները՝ Սահիլ Ասլանովան և Նարգիզ Աբսալյամովան, նոյեմբերի 23-ին ավելի քան 3 ժամ հարցաքննվել են որպես վկաներ:
Ոստիկանությունը փոխել է գրասենյակների կողպեքները՝ լրագրողներին զրկելով աշխատելու հնարավորությունից: Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի իշխանությունները լրագրողներին վարկաբեկող արշավներ են կազմակերպում։
AbzasMedia-ի լրագրողների ձերբակալություններից անմիջապես հետո «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նույնպես անհեթեթ ու կեղծ լուրերի թիրախ է դարձել։ Մեղադրանքները հրապարակել է կառավարամետ Report.az գործակալությունը և տարածել այլ քարոզչական լրատվամիջոցներով։
«Մամուլի ազատության իրավիճակը վատթարանում է Ադրբեջանում, որտեղ ԶԼՄ-ների մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի փետրվարին՝ խախտելով տեղական Սահմանադրությունը և Բաքվի կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, ուղղված է ճնշելու վերջին անկախ լրատվական կայքերը»,- ասվում է հայտարարության մեջ։