Նոյեմբերի 20-24-ն անցկացվել է «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժության ակտիվ փուլին ներկա էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։ Այս մասին տեղեկացրին ՆԳՆ-ից:
«Մինչ զորավարժության մեկնարկը նրանք ներկայացրին ստորաբաժանումների սպառազինությունն ու տեխնիկան։
Զորավարժությունը ղեկավարում էր Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գնդապետ Հայկ Բաբայանը:
Մասնակցում էին ՆԳ նախարարության Ոստիկանության զորքերի, Երևան քաղաքի վարչության, պետական պահպանության ու քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների, տնտեսական, բժշկական, փորձաքրեագիտական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունների, պարեկային ծառայության, Օպերատիվ կառավարման կենտրոնի և ՆԳՆ կրթահամալիրի ստորաբաժանումների ծառայողներ։
Զորավարժությունն անցկացվեց մի քանի փուլով։
Զանգվածային անկարգությունները խափանելու և հասարակական կարգը վերականգնելու նպատակով սկսվում է հատուկ օպերացիա. հատուկ նշանակության գումարտակի ծառայողները վնասազերծում են անօրինական զինված խմբավորումներին և առգրավում մեքենաներում գտնվող զենք-զինամթերքը։
Կատարվում են մարտավարական գործողություններ` օգտագործելով հատուկ տեխնիկա։
Հատուկ համահավաք ջոկատի խմբերը բարձր պրոֆեսիոնալիզմով կատարեցին իրենց առջև դրված խնդիրները։
Զորավարժության նպատակն էր` կատարելագործել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ շտաբի և հատուկ համահավաք ջոկատի գործնական հմտությունները, զարգացնել ընդգրկվող ուժերի և միջոցների համագործակցությունը։
Զորավարժության ավարտին տեղի ունեցավ ծառայությունում աչքի ընկած ոստիկանների պարգևատրման արարողություն»,- ասված է հաղորդագրության մեջ։