Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել «Քաղաքացիական ծառայության մասին» և «Ներքին աուդիտի մասին» օրենքներում առկա հակասությունը, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման համար սահմանել որոշակի բացառություններ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և ներքին աուդիտորներին համարել հանրային ծառայողներ: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ի նիստում:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը:
Զեկուցողի խոսքով՝ օրենքով ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար չի կարող նշանակվել այն անձը, որը պաշտոնի նշանակմանը նախորդող երկու տարվա ընթացքում կազմակերպությունում կամ կազմակերպության համակարգում զբաղեցրել է կառուցվածքային, այդ թվում՝ ինքնուրույն ստորաբաժանման ղեկավար պաշտոն:
Ըստ Արթուր Մանուկյանի՝ նախագծով առաջարկվում է վերոնշյալ երկու տարի ժամկետը փոխարինել վեց ամսով, ինչպես նաև բացառություն սահմանել ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի համար:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հիշեցրել է, որ նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ որոշում էր կայացվել այն հետաձգել մինչև երկու ամիս ժամկետով:
«Մենք այս ընթացքում աշխատանքային քննարկում ենք ունեցել ՊԵԿ նախագահի հետ, եկել ենք որոշակի համաձայնության»,- ընդգծել է պատգամավորը: Գևորգ Պապոյանն առաջարկել է նախագծով ամրագրված վեցամսյա ժամկետը փոխարինել մեկ տարով, ինչպես նաև հանել ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի համար սահմանված բացառությունը:
Հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել Գևորգ Պապոյանի առաջարկներին:
Նախաձեռնության լրամշակված տարբերակն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: