Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրների տնտեսությունները շարունակում են դրական աճ ունենալ: 2023 թվականի ինն ամիսների տնտեսական աճը դրական տիրույթում է, սակայն որոշ երկրներում նկատվում է աճի տեմպերի դանդաղում, որոշ երկրներում ունենք նաև արագացում: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 27-ի նիստում ասել է ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը` ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ֆինանսների փոխնախարարը նշել է, որ աճը զսպող գործոններ են շարունակում մնալ ռուս-ուկրաինական հակամարտության բացասական հետևանքներն ու ԿԲ-ների կողմից կիրառվող դրամավարկային քաղաքականության խստացումները: Անդրադառնալով արագացող գնաճը զսպելու նպատակով գործընկեր երկրների վարած քաղաքականությանը: Վահան Սիրունյանը հայտնել է, որ այդ երկրների ԿԲ-ների կողմից շարունակում է իրականացվել զսպող քաղաքականություն: «2023 թվականի ինն ամիսներին հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկայում գնաճը դանդաղում է: Պղնձի գները 2023 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նվազել են 5,4 տոկոսով, մոլիբդենի գներն աճել են 43,2 տոկոսով, նավթի գներ նվազել են 20,7, պարենի գները` 14,6 տոկոսով»,- ասել է Վահան Սիրունյանը:
Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներից` գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ-ից մարդկանց և կապիտալի ներհոսքը ՀՀ շարունակվում է:
«2023 թվականի ինն ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ դեպի ՌԴ ապրանքների արտահանման շուրջ 85 տոկոս դոլարային աճին զգալի նպաստում է ունեցել վերաարտահանումը` նպաստել է շուրջ 80,6 տոկոսային կետով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 4,4 տոկոսային կետով»,- ասել է ֆինանսների փոխնախարարը:
Խոսելով զբոսաշրջության մասին` զեկուցողը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում զբոսաշրջիկների թվի աճը շարունակվել է` կազմելով 48,4 տոկոս, որին եւս ամենամեծ նպաստումն ունեցել են ՌԴ-ից այցելած զբոսաշրջիկները` 29,1 տոկոսային կետով: Ընդհանուր առմամբ 2023 թվականի առաջին ինն ամիսներին ՀՀ այցելել է 1 մլն 839 հազար զբոսաշրջիկ:
Հայաստանի Հանրապետության զուտ դրամական փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են 23,1 տոկոսային կետով, վերջինիս այլ երկրներից փոխանցումներն ունեցել են բացասական նպաստում` 50,5 տոկոսային կետով, իսկ ՌԴ-ից փոխանցումները եղել են շատ, ունեցել են դրական ազդեցություն 24,7 տոկոսային կետով: Ապրանքների արտահանումը նախորդ տարվա ինն ամիսների նկատմամբ աճել է 44,8 տոկոսով, ներմուծումը` 46,4 տոկոսով: Արտաքին առևտրի բացասական մնացորդը նախորդ տարվա նկատմամբ խորացել է 48,9 տոկոսով և կազմել է մինուս 3 մլրդ 367 մլն ԱՄՆ դոլար: Տնտեսական աճի տեսանկյունից տնտեսական ակտիվության բարձր մակարդակը շարունակվել է:
Փոխնախարարի հավաստմամբ՝ աճել են նաև վարձու աշխատողների թիվն ու աշխատավարձերը:
«Երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է 1,3 տոկոսային կետով` կազմելով 11,7 տոկոս, իսկ գործազուրկների թիվը նվազել է 5,5 տոկոսով: Աճել է զբաղվածների թիվը` 6 տոկոսով, աշխատուժի առաջարկը` 4,5 տոկոսով: Գործազրկության նվազումը հիմնականում պայմանավորված է եղել զբաղվածության աճով: Հունվար-սեպտեմբերին վարձու աշխատողների թիվն աճել է 5,7 տոկոսով` կազմելով 716 հազար մարդ` հիմնականում պայմանավորված մշակող արդյունաբերության, արդյունաբերության, կացության ոլորտի, ՏՏ ոլորտի, շինարարության, ինչպես նաև մշակույթի, զվարճությունների և հանգստի ենթաճյուղերում աշխատողների թվի աճով: Ինն ամիսների միջին անվանական աշխատավարձն աճել է 16,6 տոկոսով` կազմելով շուրջ 262 հազար դրամ, պետական հատվածում այն կազմել է 198 հազար դրամ, ոչ պետականում` 289 հազար դրամ: Իրական աշխատավարձը աճել է 13,5 տոկոսով` 2,8 տոկոս գնաճի պայմաններում»,- հայտնել է ֆինանսների փոխնախարարը: Անդրադառնալով գնաճի տեմպերին` նա նշել է, որ դրանց տեմպերը դանդաղել են: Այսպիսով, 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում միջին գնաճը կազմել է 2,8 տոկոս` զգալիորեն դանդաղելով տարեսկզբի համեմատ. 12-ամսյա գնաճը կազմել է 0,1 տոկոս:
Խոսելով դրամավարկային քաղաքականության մասին` Վահան Սիրունյանը նկատել է, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԿԲ-ն նվազեցրել է քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 1 տոկոսային կետով` սեպտեմբերին իջեցնելով տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով` այն սահմանելով 9,7 տոկոս:
«Քաղաքականության տոկոսադրույքի նվազեցումը, գնաճի արագ տեմպով նվազումն ու քաղաքականության հետագա մեղմացման սպասումները հանգեցրել են պետական պարտատոմսերի տոկոսադրույքների որոշակի նվազման, մինչդեռ ավելի կոշտ տոկոսադրույքները` վարկերն ու ավանդները շարունակում են պահպանվել իրենց միջին մակարդակներում` որոշ դեպքերում դրսևորելով նաև աճի միտումներ»,- ասել է Վահան Սիրունյանն ու հավելել, որ արտարժույթի շուկայում առաջին ինն ամիսներին շարունակվել է գրանցվել արտարժույթի պահանջարկի համեմատ առաջարկի ծավալների ավելացում, ինչին հետևել է դրամի արժևորումը` նպաստելով գնաճի նվազեցման նպատակի իրագործմանը:
2023 թվականի ինն ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտները շարունակել են աճել բարձր տեմպով` պայմանավորված հիմնականում բարձր տնտեսական աճի պայմաններում հարկային բազայի ընդլայնմամբ, ինչպես նաև հարկային վարչարարության ջանքերով: Պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 617 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 15 տոկոսով, պետական բյուջեի ծախսերը հաշվետու տարում աճել են 12,7 տոկոսով, ընդ որում` ընթացիկ ծախսերի աճը կազմել է 9,9 տոկոս, ոչ ֆինանսական ակտիվների գծով աճը կազմել է 33,1 տոկոս:
Շարունակելով թվային ցուցանիշների զեկուցումը` ֆինանսների փոխնախարարը հայտնել է, որ ծախսային մասով ծրագրվածի համեմատ արձանագրվել է զգալի թերակատարում:
«Պետական բյուջեն ձևավորվել է հավելուրդով, իսկ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանաջարկի վրա եղել է թույլ զսպող: Պետական բյուջեի ճշգրտված տարեկան ծրագիրը կազմել է 2 տրիլիոն 325 մլրդ դրամ. ինն ամիսների սկզբնական ծրագիրը կազմել է 1 տրիլիոն 660 մլրդ դրամ, իսկ փաստացի ճշգրտված ծրագիրն ավելացել է` կազմելով 1 տրիլիոն 683 մլրդ դրամ: Ծախսերի մասով տարեկան սկզբնական ծրագիրը եղել է 2 տրիլիոն 591 մլրդ դրամ, այնուհետև ճշգրտվել է` կազմելով 2 տրիլիոն 592 մլրդ դրամ, ինն ամիսների ճշգրտված ծրագիրը կազմել է 1 տրիլիոն 931 մլրդ դրամ` աճելով 74 մլրդ դրամով: Նախնական ծրագրավորված 188 մլրդ դրամ դեֆիցիտի դիմաց ծրագրավորված դեֆիցիտը տարեկան կազմել է 267 մլրդ դրամ, իսկ ինն ամիսների համար ծրագրավորված ճշտված դեֆիցիտը կազմել է 148 մլրդ դրամ»,- ասել է Վահան Սիրունյանն ու հավելել, որ պետական բյուջեի եկամուտները ծրագրի նկատմամբ գերակատարվել են:
Պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 633 մլրդ դրամ, ընթացիկ ծախսերը` 1 տրիլիոն 41 մլրդ դրամ: Ընթացիկ ծախսերի կատարողականը կազմել է 91,2 տոկոս: Շեղման հիմնական մասը բաժին է ընկել այս ծախսերին, դրամաշնորհներին, ծառայություններին և ապրանքների ձեռքբերման ծախսերին, կապիտալ ծախսերի մակարդակը կազմել է 232 մլրդ դրամ, պլանավորվածից շեղումը եղել է 162 մլրդ դրամով, կատարողականը` 58,9 տոկոս: Պետական բյուջեի ծախսերի շուրջ 37 տոկոսն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, աշխատավարձերի մասով ծախսերը կազմել են 147,5 մլրդ դրամ, կատարողականը` 96,4 տոկոս: Ապրանքների և ծառայությունների գծով փաստացի ծախսերը կազմել են 123 մլրդ դրամ` 84.2 տոկոս կատարողականով, սուբսիդիաների գծով ծախսերը կազմել են 105,3 մլրդ դրամ` կատարողականը` 88,8 տոկոս, նախորդ տավա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ե'ւ ընթացիկ, ե'ւ կապիտալ ծախսերը: Ծախսերի կատարողականն ընդհանուր առմամբ կազմում է 84,6 տոկոս:
Անդրադառնալով պետական պարտքին` Վահան Սիրունյանը տեղեկացրել է, որ դրամային և ԱՄՆ դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքը 2023 թվականի ինն ամիսների ընթացքում աճել է 6,4 տոկոսով եւ, համամասնորեն, ԿԲ պարտքը նվազել է, Կառավարությանը` աճել մոտ 7 տոկոսով:
«Պետական պարտքը կազմել է 4 տրիլիոն 454 մլրդ դրամ` նախորդ տարվա տարեվերջի` 4 տրիլիոն 186,7 մլրդ դրամի դիմաց: Կառավարության պարտքը կազմել է 4 տրիլիոն 244 մլրդ դրամ, արտաքին պարտքը` 2 տրիլիոն 354 մլրդ դրամ, ներքին պարտքը` 1 տրիլիոն 890 մլրդ դրամ, դոլարային արտահայտությամբ պետական պարտքը կազմել է 11 մլրդ 322 մլն դոլար, Կառավարության պարտքը` 10 մլրդ 790 մլն դոլար, ԿԲ-ինը` 531 մլն դոլար»,- հայտնել է Ֆինանսների փոխնախարարն ու հավելել, որ Կառավարության պարտքի գծով սահմանված բոլոր ուղենիշները փաստացի պահպանվել են, պարտքի միջին տոկոսադրույքը նախորդ տարվա տարեվերջի նկատմամբ աճել է 0,7 տոկոսային կետով: «Պարտքի կառավարման տեսանկյունից ՀՀ-ն գտնվում է ռիսկի սահմանված ուղենիշների շրջանակներում»,- վստահեցրել է փոխնախարարը:
Վահան Սիրունյանը տեղեկացրել է նաև, որ Կառավարության պարտքի կառուցվածքը բարելավվել է: Աստիճանաբար ավելացել է դրամային վարկի մասնաբաժինը, ներքին պարտքի և դրամային պարտատոմսերի մասնաբաժինը վերջին շրջանում եւս աստիճանաբար աճում են:
ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը որոշ ուղղություններով կատարողականը խայտառակ ցածր է որակել, եւ, ի թիվս շատ հարցերի, զեկուցողից հետաքրքրվել է, թե որքանով է նվազել պետական պարտատոմսերի տոկոսադրույքը: Հանձնաժողովի նախագահը նկատել է նաև, որ նախատեսվածի համաձայն պահուստային ֆոնդում պետք է 8 մլրդից ավելի գումար լիներ: «Որտե՞ղ են ծախսվել գումարները»,- հետաքրքրվել է Գևորգ Պապոյանը:
«Այդ գումարները մասամբ ծախսվել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում մնացած անձանց կարիքները հոգալու համար: ՏԿԵՆ-ին, ԿԳՄՍՆ-ին, ԲՏԱՆ-ին և ԱՍՀՆ-ին ևս պահուստային ֆոնդից միջոցներ են տրամադրվել»,- ասել է ֆինանսների փոխնախարարը:
Անդրադառնալով պետական պարտատոմսերի տոկոսադրույքի տեմպերին` Վահան Սիրունյանը նշել է, որ առաջին եռամսյակում դրանք միջինում աճել են, երրորդ եռամսյակում` նվազել:
Գևորգ Պապոյանը յուրաքանչյուր գերատեսչության ներկայացուցչից հետաքրքրվել է ցածր կատարողականի խնդիրների մասին:
Հանձնաժողովի նախագահի դիտարկումներին ի պատասխան` ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ վարկային տոկոսները չեն իջել, այլ հակառակը` բարձրացել են: Նա անդրադարձել է նաև պետական պարտատոմսերի դրույքաչափերի ու անկանխիկի օրենքի իրագործմանը և միջազգային աուդիտին:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը խոսել է նաև կոշտ թափոնների ծրագրի մասին: Պատգամավորը նկատել է, որ ծրագրի կատարողականը մի քանի տարի շարունակ 12 տոկոսի վրա է:
ՏԿԵՆ կատարողականին է անդրադարձել փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը ու հայտնել, որ այս տարի այն 71,7 տոկոս է. նախորդ տարի այն կազմել է 67,1 տոկոս:
«Կոշտ թափոնների կառավարման մասով առաջընթաց ունենք: Փորձում ենք հասնել այն ցուցանիշներին, որոնք տարվա համար նախանշել ենք»,- տեղեկացրել է փոխնախարարը:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Բաբայանը հայտնել է, որ կոմիտեի համար ի սկզբանե նախատեսված էր եռամսյակային 6 մլրդ դրամ: Ընթացքում բյուջեի վերաճշտում է տեղի ունեցել ու այն կազմել է 20 մլրդ դրամ: Ցուցանիշներն արդեն կատարված են:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցեր է ուղղել բանախոսներին, որոնք վերաբերել են թոշակների ու նպաստների վճարումներին, ծախսերի թերակատարումներին, շահութահարկի բարձրացմանը, վարկերի արդյունավետությանը և այլ թեմաների:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն էլ հետաքրքրվել է, թե ինչու են 2024 թվականի պետական բյուջեի ծրագրի մեջ ներառվել 2023 թվականին թերակատարված ծրագրերը: Պատգամավորը նկատել է, որ նշված ծրագրերի համար տրամադրվող բյուջեն ավելացել է 2024 թվականի համար:
Ի պատասխան Արուսյակ Մանավազյանի հարցի` Վահան Սիրունյանը նշել է, որ վերը նշված ծրագրերը երկրի համար մեծ կարևորություն ունեն, ուստի պետք է հարցը լուծել ոչ թե դրանց չեղարկմամբ, այլ խնդրի լուծմամբ, որ դրանք այլևս չթերակատարվեն: