Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են, շուտով կլինեն Հայաստանում: Մեկ տուժած կշարունակի բուժումը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին՝ Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանին օգնության ձեռք մեկնելու համար: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
«Շատ շուտով Բելգիան դեսպանություն կբացի Երևանում՝ ի նշան համերաշխության: Այդ ծանր օրերին տպավորված էի Բելգիական առաջին օգնության և աջակցության թիմի (B-FAST), ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և ձեր համակարգված աշխատանքով` տուժածներին օգնելու հարցում»,- նշել է դեսպանը:
Քննարկվել են առողջապահական համակարգային բարեփոխումներն ու մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությունը`
-
առողջության համապարփակ ապահովագրության փորձագիտական աջակցություն.
-
այրվածքների կառավարման, մասնագիտական վերապատրաստման հնարավորություն.
-
դեղագործության ոլորտում կապերի խորացում.
-
ուռուցքաբանության ոլորտում գործընկերային կապերի հաստատում:
Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի առողջապահության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը: