ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը ներկայացրել է 2023 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվությունը: Ըստ այդմ՝ Հայաստանում տնտեսական ակտիվությունն առաջին 9 ամիսներին շարունակել է մնալ բարձր մակարդակի վրա, պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 13.8 տոկոսով և կազմել 1 տրլն 708 մլրդ դրամ:
Փոխնախարարը նշել է՝ Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումներն աճել են 27,4, այլ երկրներից նվազել են 50,5 տոկոսով։ Ըստ ֆինանսների նախարարի՝ արտահանման ծավալներն աճել են 44,8, իսկ ներմուծումը՝ 46,4 տոկոսով։
«Արտահանման աճի դանդաղումը, ի համեմատ նախորդ ամիսների, հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա բարձր բազային էֆեկտով, ինչպես նաև պղնձի միջազգային գների նվազմամբ և ՌԴ ռուբլու նկատմամբ ՀՀ դրամի արժևորման տեմպերի արագացմամբ։
Արտաքին առևտրի բացասական մնացորդը նախորդ տարվա համեմատ խորացել է 48,9 տոկոսով և կազմել է 3 մլրդ 367 մլն դոլար»,- ասել է Վահան Սիրունյանը: