Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Ալբանիայի Հանրապետության մրցակցային մարմնի նախագահ Դենար Բիբան Տիրանայում տեղի ունեցած միջազգային համաժողովի շրջանակում մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից:
«Եվս մեկ հուշագրի կնքմամբ վերահաստատում ենք մեր հանձնառությունը միջազգային մակարդակում խորացնելու փոխգործակցությունը մրցակցության օրենսդրության կիրարկման և քաղաքականության ոլորտում: Այս համագործակցությունն առանցքային նշանակություն ունի գլոբալացվող բիզնես միջավայրում, որտեղ տնտեսավարողների միջև անդրսահմանային գործարքները լայն տարածում ունեն: Համատեղ ջանքերով մենք առավել արդյունավետորեն կարող ենք հասցեագրել հակամրցակցային գործողությունների, շուկայի խաթարման և անբարեխիղճ մրցակցության հարցերը»,- իր խոսքում նշել է Գեղամ Գևորգյանը:
Հուշագրի շրջանակում երկու երկրների մրցակցային մարմինները կհամագործակցեն տեղեկատվության և փորձի փոխանակման, ուսումնասիրությունների իրականացման, ուսումնական այցերի և փորձագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման և այլ հարցերում: