«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ ավարտվել են Հ-76, /Մ-5/ - Ակնալիճ - Մեծամորի թանգարան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ2+050 հատվածի միջին նորոգման աշխատանքները։
«Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Տարոնիկ բնակավայրով: Տարոնիկ բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը նշեց‚ որ մինչ նորոգումը ճանապարհը գտնվում էր անբարեկարգ վիճակում‚ վերջին անգամ նորոգվել էր մի քանի տասնամյակ առաջ։ Մոտ 2 կմ այս հատվածի միջին նորոգման աշխատանքներից հետո արդեն ունենք դեպի Մեծամորի թանգարան տանող ամբողջովին բարեկարգ ճանապարհ։ Հիշեցնենք‚ որ ճանապարհի մյուս հատվածի՝ 4.1 կմ երկարությամբ‚ հիմնանորոգումն իրականացվել էր 2019 թվականին‚ իսկ 2020 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի 1,143 կմ ընդհանուր երկարությամբ մայթերի կառուցումը։
Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից. արգելոց-թանգարանն իր նշանակությամբ բացառիկ է և զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում:
Շինարարն էլ իր կողմից հավաստիացրեց‚ որ նորոգված ճանապարհը երկար կծառայի բնակչությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։