ՀՀ Կառավարությունը հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման նոր կարգը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանրակրթության ոլորտում հաստատությունների ղեկավարման համակարգում կարևոր է ունենալ դպրոցի բովանդակային կառավարման քաղաքականության ամբողջական շղթա՝ տնօրենների ընտրության և նշանակման գործընթացից մինչև հետագա գործունեության մշտադիտարկում, վերահսկում, խթանում և զարգացում։ Այս խնդիրների կարգավորման համար կառավարման նոր համակարգով պլանավորվել է դպրոցի տնօրենների ընտրության և նշանակման եռափուլ համակարգ, ինչպես նաև հետագայում տնօրենների գործունեության ամենամյա մոնիթորինգի և ատեստավորման համակարգ:
Տնօրենի նշանակման գործող կարգով՝ տնօրենի հավակնորդները ներկայացնում են դպրոցի զարգացման ծրագիր, որն անցնում է փորձաքննություն՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից: Դրական շեմը հաղթահարած ծրագրերի հեղինակ հավակնորդները մասնակցում էին հարցազրույցի լիազոր մարմնի շրջանակում, որի արդյունքներով էլ տեղի է ունենում նշանակումը։ Կարգի կիրարկման ընթացքում պարզվել է՝ առկա են դեպքեր, երբ զարգացման ծրագրերը չեն բավարարում նվազագույն պահանջներին, և բացահայտվում են ինքնուրույն աշխատանքի ամբողջական կամ մասնակի բացակայության հիմքեր։
Այս խնդիրների կարգավորման և գործընթացի օբյեկտիվության ապահովման նպատակով նոր կարգով առաջարկվել են մի քանի մեխանիզմներ:
Մեխանիզմներից առաջինն արտագրության փաստի արձանագրման վերաբերյալ դրույթների ներառումն է կարգում, որով նախատեսվում է՝ մինչև ծրագիրը փորձաքննության ուղարկելը, նախևառաջ պետք է ստուգել դրանում արտագրության փաստերն ու ծավալը՝ օգտագործելով էլեկտրոնային համապատասխան ծրագրերը և զարգացման ծրագրերի բազան։ Այս մեխանիզմը գործարկվելու է 2024 թվականի հունվարի 1-ից:
Ըստ այդմ՝ ավելացվել են համապատասխան դրույթներ՝ զարգացման ծրագրի ինքնուրույն մշակված լինելու փաստը ստուգելու մեխանիզմի ներդրման վերաբերյալ, որի արդյունքում արտագրված ծրագրերն ուղղակի չեն ուղարկվի փորձաքննության։
Երկրորդ գործիքը հավակնորդի հետ հարցազրույցի անցկացումն է մասնագիտական հանձնաժողովի կողմից, որը հնարավորություն կտա դիտարկելու, թե որքանով է տվյալ ծրագիրը ներկայացրած անձն իրականում տիրապետում դպրոցի խնդիրներին, այն կարողունակություններին և անձնային որակներին, որոնք անհրաժեշտ են արդյունավետ կառավարման համար։ Մասնագիտական հանձնաժողովում կընդգրկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և համապատասխան լիազոր մարմինների ներկայացուցիչներ։
Երրորդ գործիքը բողոքարկման գործընթացն է. հստակ նկարագրվել են բողոքարկման հանձնաժողովի ձևավորման և բողոքարկման գործընթացի ժամկետները, սկզբունքներն ու քայլերը։
Այսպիսով՝ կամբողջացվի տնօրենի նշանակման եռափուլ համակարգը, որը բաղկացած է հավաստագրման համակարգից, զարգացման ծրագրերի փորձաքննությունից և հարցազրույցից: Ընդ որում՝ յուրաքանչյուր հաջորդ փուլ հնարավոր է անցնել միայն նախորդը հաղթահարելու պարագայում։