Կմոտեցնի՞ արդյոք խաղաղությունը ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու հերթական որոշումը: Բաքուն, սակայն, խախտում է ոչ միայն քաղաքական պայմանավորվածությունները, այլև չի կատարում իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները:
Այս ամիս Հաագայի դատարանը Բաքվին հերթական անգամ պարտավորեցրեց ապահովել էթնիկ հայերի իրավունքները, որոնց դեռ մեկ ամիս առաջ Ալիևի ռեժիմը բռնի տեղահանեց: Դատարանը պարտավորեցրել է այդ երկրին ապահովել ցանկացողների վերադարձը, ԼՂ-ից դուրս եկողների ու մնացողների անվտանգությունը, պահպանել մասնավոր սեփականությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը: Բարձր ատյանը մեկ այլ, մասնագետների գնահատմամբ, չափազանց կարևոր որոշում է կայացրել՝ Բաքվին ութ շաբաթ ժամանակ է տվել ստանձնած պարտավորությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար: Բացի այս ամենից, Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է նախկինում կիրառած միջանկյալ միջոցները: