Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը նոյեմբերի 21-ից 23-ը Թբիլիսիում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից անցկացվող «Շինարարական արդյունաբերության գլոբալ մատակարարման շղթայի և դրա արտադրանքի էներգաարդյունավետության բարելավում հանուն բարձր արդյունավետությամբ շենքերի կառուցման» ծրագրի վավերացման աշխատաժողովին:
Ինչպես հայտնում են Քաղաքաշինության նախարարությունից, Նունե Պետրոսյանն իր ելույթում ներկայացրել է շենքերի ու շինությունների էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները՝ շեշտադրելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:
Անդրադառնալով հանրապետությունում կառուցապատման աննախադեպ ծավալներին և այդ թվում՝ ՀՀ կառավարության՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրին՝ կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ էներգաարդյունավետ շենքային պայմանների ստեղծումը նորմատիվ պարտադիր պահանջներից է:
Հայաստանում էներգաարդյունավետ շինարարության խթանմանն ուղղված միջոցառումներից Նունե Պետրոսյանը և ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի փորձագետներն առանձնացրել են քաղաքաշինական նորմերի և օրենսդրական դաշտի արդիականացումը, էներգաարդյունավետության անհատական բնակելի տների բազմակի օգտագործման նախագծերի հրապարակումը կոմիտեի կայքում, վերապատրաստումների կազմակերպումը:
Այցի ընթացքում Նունե Պետրոսյանը նաև հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տարածական պլանավորման և քաղաքաշինության գործակալության պետի տեղակալ Զուրաբ Տիկլաուրիի հետ։
Քննարկվել են տարածական պլանավորման և քաղաքաշինության ոլորտներում երկու պետությունների միջև լավագույն փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման վերաբերյալ հարցեր:
Դիտարկվել է շինարարության ոլորտում ներդրումների ներգրավման համատեղ ծրագրերի իրականացման, շինարարական ընկերությունների փոխգործակցության ձևավորման հնարավորությունը: