ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահի խոսնակն էլ ափսոսանք է հայտնել հանդիպմանը Հայաստանի ներկայացուցիչների բացակայության համար: Դմիտրի Պեսկովը նշել է, որ, նրա ձևակերպմամբ, «հայկական գործոնը» գագաթնաժողովի օրակարգում է:
«Իհարկե, ՀԱՊԿ-ը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը չի փոխում արտաքին քաղաքականության վեկտորը և մնում է մեր դաշնակիցը, ռազմավարական գործընկերը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերում։ Մենք կշարունակենք երկխոսությունը նրանց հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին խոսք ներկայումս չկա: Նա հիշեցրել է, որ գագաթնաժողովին ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ և տեղեկացրել, որ չի կարողանա մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին որոշակի հանգամանքների բերումով:
«Կազմակերպությունում հայկական կողմի աշխատանքները շարունակվում են»,- ասել է Տասմագամբետովը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ խաղաղապահ ներուժն ապագայում մեծ պահանջարկ կունենա:
Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: