Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Ձեր կուսակցության արձանագրած հաջողությունը վկայում է Լյուքսեմբուրգի ժողովրդի կողմից Ձեր դավանած գաղափարների նկատմամբ վստահության մասին։
Ուրախ եմ ընդգծել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև գերազանց հարաբերությունները՝ արտահայտված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և տարբեր ոլորտներում մեր ջանքերն առարկայացնելու փոխադարձ հանձնառությամբ: Դրա վկայությունն է Լյուքսեմբուրգում մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանի քայլը:
Ցանկանում եմ նաև երախտագիտություն հայտնել դժվարին ժամանակներում Ձեր կուսակցության կողմից Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերված սկզբունքային, աներկբա և հետևողական աջակցության համար, ինչը փաստում է ժողովրդավարական արժեքներին մեր ընդհանուր հավատարմությունը և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը:
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կամրապնդի մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունը:
Միասին սերտորեն աշխատելու ակնկալիքով՝ Նիկոլ Փաշինյան»: