Մենք ասում ենք, որ մեր քաղաքականությունը պետք է ավելի ու ավելի շատ հիմնված լինի ՀՀ պետական շահերի վրա: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի մասնակցությամբ պայմանագրերից հրաժարվելու հարցին:
«Համոզված եղեք, եթե կլինի եզրակացություն, որ այս կամ այն պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի շահերին, մենք չենք երերա և կգնանք նաև այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է պետական համակարգը վերափոխելուն, ապա Փաշինյանն ընդգծեց, որ պետական համակարգը շատ մեծ է, և այնտեղ տեղի ունեցող փոփոխությունները շատ հաճախ միանգամից նկատելի չեն, բայց դրանք տեղի են ունենում: «Բայց նաև ուրիշ բան եմ ուզում ասել, թե ինչ պրոբլեմի հետ ենք մենք բախվում: Մենք կարող ենք ազատվել մարդկանցից, բայց ես հիմա չեմ խոսում ապապետական կատեգորիայի մասին, նրանց հետ կապված մեր վերաբերմունքը միանշանակ է, այո՛, նրանք պետք է դուրս բերվեն պետական կառավարման համակարգից, բայց կան նաև մարդիկ, ովքեր չարամիտ չեն, կամ հոգնած են, կամ նրանց հմտությունները արդեն ժամանակակից պայմաններին բավարար չեն, և կարող են այդ մարդիկ չաշխատել: Պետական համակարգում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, և պատճառն այն է, որ այդ աշխատանքը գրավիչ չէ, աշխատավարձերը ցածր են: Նախ պետք է պետական համակարգում աշխատանքի գրավչությունը բարձրացնենք և պատասխանատվությունը բարձրացնենք:
Մենք հիմա պետական համակարգում կտրուկ գործողություններ ենք անում, բանակում էլ ենք կտրուկ գործողություններ անում, ու, ըստ էության, արդեն կամ ավարտել ենք, կամ մոտ ենք ավարտին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: