Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Մեծապես կարևորում եմ Իսպանիայի հետ փոխադարձ հարգանքի, վստահության և ժողովրդավարական արժեքների վրա խարսխված բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը: Հայաստանը պատրաստակամ է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ փոխգործակցության զգալի ներուժն իրացնելու և երկկողմ օրակարգում առկա ծրագրերը կյանքի կոչելու համար:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև փոխշահավետ գործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարեկեցություն»։