ՆԱՏՕ-ի լոգիստիկայի միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Զոլֆրանկն առաջարկել է ստեղծել «Ռազմական Շենգեն», որը թույլ կտա ՆԱՏՕ-ի զորքերին ազատ տեղաշարժվել դաշինքի ներսում, գրում է Reuters-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՆԱՏՕ-ի ուժերը ստիպված են պահպանել դաշինքի անդամների բազմաթիվ ներքին կանոնները, որոնց համաձայն, օրինակ, պետություններին պետք է նախապես իրազեկեն իրենց տարածքով զինամթերք տեղափոխելու մասին, պահպանեն տվյալ երկրում ռազմական շարասյուների թույլատրելի երկարության սահմանափակումները:
Առաջին անգամ Եվրոպայում «Ռազմական Շենգենի» ներդրումն առաջարկել է Եվրոպայում ԱՄՆ բանակի նախկին հրամանատար Բեն Հոջեսը 2017 թվականին։ 2018-ին Եվրահանձնաժողովը մշակել է Եվրոպայում «Ռազմական Շենգենի» ներդրման հատուկ ծրագիր։ Այն պետք է ներառի Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Բելգիան, Գերմանիան, Նիդերլանդները, Լեհաստանը և Ֆինլանդիան։ Այս տարածքում, ըստ փաստաթղթի, ռազմական շարասյուները կկարողանան շարժվել առանց սահմանային վերահսկողության։
Կրեմլն արձագանքել է այս ծրագրին: «Ռազմական Շենգեն» ստեղծելու ՆԱՏՕ-ի գաղափարը լարվածության սրացում է Եվրոպայում, որն ունի իր հետևանքները և վկայում է Ռուսաստանի մտահոգություններն անտեսելու մասին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դաշինքը մեր երկիրը միշտ համարել է այսպես կոչված պայմանական թշնամի: Հիմա այն մեր երկիրը բացահայտ թշնամի է համարում: Սա ոչ այլ ինչ է, քան լարվածության սրում Եվրոպայում, որն ունի իր հետևանքները»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով «Ռազմական Շենգեն» ստեղծելու մասին ՆԱՏՕ-ի գաղափարը։