ՀՀ բանակում, ԶՈՒ-ում հսկայածավալ բարեփոխումներ են տեղի ունենում, դրանք տեղի են ունենում միջազգային փորձն ուսումնասիրելով: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակի վիճակի վերաբերյալ հարցին:
«Մենք վերջերս ներդրել ենք նաև 24-օրյա վարժական հավաքների մեխանիզմը, որի նպատակներից մեկը ինչ-որ առումով շվեյցարական մոդելի ուղղությամբ գնալն է, երբ որ, ըստ էության, մեր պահեստազորը, մարդիկ, ովքեր զինվորական ծառայության մեջ չեն, բայց իրենք պահեստազորի մեջ են, այսինքն` երկրի զինվորական մոբիլիզացիոն ռեսուրսի, նրանք ժամանակ առ ժամանակ 24-օրյա վարժական հավաքներին մասնակցեն, որպեսզի տիրապետեն զինվորական որոշակի նվազագույն հմտությունների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև հիշեցրեց, որ ատեստավորման գործընթացով էականորեն բարձրացվում է զինվորականների աշխատավարձը: «Ասում են՝ ինչո՞ւ չեք միանգամից աշխատավարձը բարձրացնում. շատ պարզ պատճառով, այդ թվում՝ դառը փորձի, որովհետև ուզում ենք համոզված լինել, որ այն զինվորականները, որոնց ուսերին մենք դնում ենք պետության անվտանգությունը պահպանելու պարտավորությունը, իրենք իրենց ուսերին կկարողանան կրել այդ բեռը: Մենք չենք ուզում փակ աչքերով բարձրացնել աշխատավարձը: Փակ աչքերով որևէ բան անելը ճիշտ չէ, ու դա կառավարության խնդիրը չէ, մենք ուզում ենք, որ նաև հանրությունը դրանում համոզված լինի, որ եթե պետությունը վստահել է ինչ-որ մեկին պահպանել երկրի անվտանգությունը, այդ մարդը, այդ զինվորականը, մեր եղբայրը կարող են կրել այդ պատասխանատվությունը: Սա ակնհայտ տրամաբանություն է»,- ասաց վարչապետը: